Բրյուսելի Համազգայինի Նիկոլ Աղբալյանի կիրակնօրյա դպրոց
Մեր կրթօջախի` Բրյուսելի Համազգայինի Նիկոլ Աղբալյանի անվան հայկական դպրոցի վերաբացումը վկայում է հայ սփյուռքի կենսունակության և մշակութային արժեքները պահպանելու անկոտրում կամքի մասին։
Դպրոցի հիմնադրումը տեղի է ունեցել 1999-2000 ուսումնական տարում, Անտվերպեն քաղաքում՝ Լևոն Շանթի անվան դպրոցին զուգահեռ։ Հիմնադրման առաջին իսկ օրերից դպրոցը դարձավ հայ երեխաների համար հարազատ մի վայր, որտեղ նրանք հաղորդակից էին դառնում մայրենի լեզվին և հայոց պատմությանը։
Կրթօջախի կայացման գործում անգնահատելի ավանդ են ունեցել առաջին ուսուցիչները՝ Արուսյակ Մովսիսյանը, իսկ ավելի ուշ՝ Արուսյակ Սուքիասյանը։
Ազգային գործիչ Արմեն Արսլանյանի նախաձեռնությամբ՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության վերամիավորումից հետո, Նիկոլ Աղբալյանի անվան շաբաթօրյա դպրոցը սկսեց գործել Համազգայինի հովանու ներքո։ Սա նոր թափ հաղորդեց դպրոցի գործունեությանը՝ ամրապնդելով կրթական ծրագրերն ու կապը համահայկական կառույցների հետ։
Ցավոք, 2015 թվականին Արմեն Արսլանյանի մահից և Անտվերպենի «Հայի տան» փակումից հետո, դպրոցը ժամանակավորապես դադարեցրեց իր գործունեությունը։
2026 թվականի հունվարից Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցը վերաբացեց իր դռները՝ այս անգամ արդեն Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Այսօր դպրոցը կիրակնօրյա է` շարունակելով իր առաքելությունը նոր սերնդի կրթության գործում։
Մեր հմուտ մանկավարժ Արևիկ Ավետիսյանի գլխավորությամբ, դպրոցն այսօր էլ ջանք ու եռանդ չի խնայում յուրաքանչյուր աշակերտի մեջ հայեցի ինքնությունը պահպանելու և զարգացնելու համար։
Կրթական ծրագրերի ընդլայնման շրջանակներում, նույն հասցեում Լևոն Մուրադյանի կողմից անցկացվում են նաև ֆրանսերենի և նիդերլանդերենի դասեր, ինչը լրացուցիչ հնարավորություն է ընձեռնում մեր սաներին և համայնքի անդամներին՝ տիրապետելու տեղական լեզվին և ավելի լավ ինտեգրվելու միջավայրին: