Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միություն
1928 թ. մայիսի 28-ին, ինը մտավորականներից կազմված խումբը՝ գրող և մանկավարժ Լևոն Շանթը, պատմաբան և գրական քննադատ Նիկոլ Աղբալյանը, Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ Համո Օհանջանյանը, բեմադրիչ և արվեստի քննադատ Գասպար Իփեկյանը և ուրիշներ, Կահիրեում հիմնեցին «Համազգային Հրատարակչական և Մշակութային Ընկերակցությունը»։
«Համազգայինի» նպատակն էր նոր սերնդին տալ ոչ միայն ընդհանուր կրթություն, այլև հայեցի դաստիարակություն՝ պահպանելու ազգային ինքնագիտակցությունն ու մշակութային ավանդույթները հայրենիքից դուրս ապրող հայերի շրջանում։
Շուտով «Համազգայինի» մասնաճյուղեր բացվեցին Մերձավոր Արևելքի բոլոր հայկական համայնքներում, ինչպես նաև Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Հարավային Ամերիկայում և Ավստրալիայում։ Հայաստանի վերանկախացումից հետո «Համազգայինը» նաև հիմնեց իր գրասենյակը Հայաստանում։
«Համազգայինը» ստեղծել է միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատությունների մի ամբողջ շարք, որոնց շրջանավարտների թվում կան գրողներ, բանասերներ, քաղաքական և հասարակական գործիչներ։ Կազմակերպությունը ծավալել է նաև լայնածավալ հրատարակչական գործունեություն և վերջին ավելի քան 70 տարվա ընթացքում, այդ թվում՝ շուրջ 30 տարի ԱՄՆ-ում, մեծապես նպաստել է հայ մշակույթի զարգացմանը։
Այսօր «Համազգայինը» շահույթ չհետապնդող կազմակերպություն է և գործում է «Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միություն» պաշտոնական անվան տակ։